Ալիևը՝ Բլինկենին: Օ Բրայենի հայտարարությունները կողմնակալ են և կտրականապես մերժվում են մեր երկրի կողմից
  Ալիևը՝ Բլինկենին: Օ Բրայենի հայտարարությունները կողմնակալ են և կտրականապես մերժվում են մեր երկրի կողմից
11:36     28 11 2023    
Նոյեմբերի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ Բրայենի հայտարարությունները կողմնակալ են, չեն արտացոլում իրական իրավիճակը և դրանք վճռականորեն մերժվում են Ադրբեջանի կողմից։

Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմը հաշվի է առել ԱՄՆ հայտարարությունը Ադրբեջանի հետ երկկողմ հանդիպումների և բարձր մակարդակի շփումների չեղարկման մասին, և որ «մեր երկկողմ հարաբերություններն այլևս չեն կարող լինել նախկինի պես», և տվել է համարժեք պատասխան։

Նախագահ Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել այս կապակցությամբ, և ադրբեջանական կողմն իր հերթին չեղարկել է բարձր մակարդակի այցերը Միացյալ Նահանգներից։

Հարաբերությունների կարգավորման նպատակով պետքարտուղար Բլինկենը թույլտվություն է խնդրել, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան։ Նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է այն պայմանով, որ այցից հետո Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ԱՄՆ մեկնելու անհիմն արգելքը վերացվի։ Բլինկենն ընդունել է այս պայմանը։

Միաժամանակ նշվել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի առնչությամբ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված առաջարկությունների պատասխանը Երևանը տվել է նոյեմբերի 21-ին։ Այսպիսով, Հայաստանը 70 օր ձգձգել է իր պատասխանը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստն օգտագործում է որպես պատրվակ՝ ձգձգելու բանակցային գործընթացը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Բլինկեն  


Լրահոս