Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները նոր գագաթնաժողով կանցկացնեն
 Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները նոր գագաթնաժողով կանցկացնեն
09:37     19 12 2022    
Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները երեք երկրների էներգետիկայի նախարարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով նոր գագաթնաժողով կանցկացնեն և կորոշեն թուրքմենական բնական գազի Եվրոպա արտահանման ճանապարհային քարտեզը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ TRT հեռուստաալիքին հղումով, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երկրի հարավ-արևելքում գտնվող Մարդին քաղաքի երիտասարդների հետ հանդիպմանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Եվրոպա թուրքմենական գազի մատակարարումների հարցը քննարկվել է անցյալ շաբաթ Թուրքմենբաշիում կայացած՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի գագաթնաժողովի ժամանակ։

«Մենք քննարկել ենք երեք երկրների կողմից նման քայլի հնարավորությունը։ Ասացինք՝ «Իսկ ինչո՞ւ ոչ»։ Եվ տվեցինք համապատասխան ցուցումներ։ Թուրքիայի էներգետիկայի նախարարին իր թիմի հետ միասին հանձնարարվել է՝ նախնական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի և Թուրքմենստանի գործընկերների հետ։ Այս աշխատանքներից հետո մենք՝ որպես երեք պետությունների ղեկավարներ, նոր հանդիպում կանցկացնենք և, հուսով եմ, կորոշենք, թե ինչպիսին է լինելու ճանապարհային քարտեզը։ Թուրքմենստանից, հատկապես Ադրբեջանի տարածքով բնական գազի մատակարարումը մեր երկիր կհեշտացնի մեր ջանքերը»,- ասել է Էրդողանը` խոսելով թուրքմենական կապույտ վառելիքի Եվրոպա մատակարարելու հնարավորության մասին, որը նախատեսվում է ստեղծել Թուրքիայի տարածքում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Թուրքմենստան  


Լրահոս