Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը: «Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Սենատի ընդունած հերթական բանաձևը»
  Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը:  «Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Սենատի ընդունած հերթական բանաձևը»
10:09     16 11 2022    
«Ֆրանսիայի Սենատի կողմից 2022 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված «Պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, երկու երկրների միջև շարունակական խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնության սատարում» կոչվող բանաձևը, որը բացարձակապես հեռու է իրականությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դրույթներ և բացահայտ սադրիչ բնույթ է կրում, ծառայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Ֆրանսիայի Սենատում ընդունված հակաադրբեջանական բանաձևի հետ։

«Սենատի կողմից ընդունված և իրավական ուժ չունեցող այս բանաձևը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Փարիզի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը մտադրություն է հայտնում նպաստելու հայ - ադրբեջանական կարգավորմանը։

Ընդհանրապես, բանաձևում նշված բոլոր անհեթեթ պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակները տեղյակ չեն պատմական փաստերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Ափսոսանքով ընդգծում ենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի բանաձևը ևս մեկ անգամ անտեսում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիան, խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները, քաղաքների և գյուղերի թալանը, հարյուր հազարավոր ներքին տեղահանվածների իրավունքների դաժան ոտնահարումը, Ադրբեջանի պատմական հողերում Հայաստանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը, ինչպես նաև 2020 թվականի Հայրենական պատերազմից հետո Ադրբեջանում իրականացվող խաղաղաշինության, վերականգնողական և վերակառուցման աշխատանքները։

Ինչ վերաբերում է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» մասին բանաձևին՝ այնտեղ տեղ գտած մտքերը զավեշտալի են: Սենատորներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված անբաժանելի տարածքն է, իսկ այնտեղ ապրող հայ բնակչության իրավունքներն և անվտանգությունը՝ Ադրբեջանի ներքին գործը:

Խրախուսելով Հայաստանի ռևանշիստական ուժերին՝ Սենատի բանաձևը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և հեռու է բանաձևի վերնագրում նշված «կայուն խաղաղության խթան ումից:

Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի Սենատի ընդունած հերթական բանաձևը», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս