Իլհամ Ալիևը շնորհավորել է Սաուդյան Արաբիայի թագավորին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Սաուդյան Արաբիայի թագավորին
15:22     23 09 2022    
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդին՝ այս երկրի ազգային տոնի՝ Թագավորության հռչակման օրվա կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի պաշտոնական կայքին հղումով։

«Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան կապված են բարեկամական և եղբայրական հարաբերություններով, որոնք բխում են մեր ժողովուրդների ընդհանուր հոգևոր արժեքներից։ Մշտապես ընդլայնվող քաղաքական երկխոսությունը և միջպետական կապերի բարձր մակարդակը մեծ ավանդ են ներդրում մեր համագործակցության համակողմանի զարգացման մեջ։ Բավարարվածություն է առաջացնում մեր ներկայիս գործընկերության հաջող զարգացումը, որը հիմնված է բարի ավանդույթների և փոխադարձ վստահության ու աջակցության վրա:

Մեր ժողովուրդը երբեք չի մոռանում ձեր եղբայրական երկրի արդարացի դիրքորոշումը և մշտական աջակցությունը, որը ցուցաբերվում է՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան:

Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն էլ ավելի է ընդլայնել համագործակցության մեր հնարավորությունները տնտեսական ոլորտում, մասնավորապես, էներգետիկայի հատվածում։ Միաժամանակ Սաուդյան Արաբիայի առաջատար ընկերություններից մեկի՝ ACWA Power-ի կողմից Ադրբեջանում հողմակայանի կառուցումը վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեր արդյունավետ համագործակցության վառ օրինակն է։

Վստահ եմ, որ մեր եղբայրական ժողովուրդների կամքին համապատասխան, Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի միջև բարեկամական հարաբերությունները, իսլամական ամուր համերաշխության վրա հիմնված երկկողմ և բազմակողմ համագործակցությունը այսուհետ էլ կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել մեր համատեղ ջանքերով»,- ասված է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս