Ալիևը՝ Զելենսկիին. Մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին
  Ալիևը՝ Զելենսկիին.  Մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին
15:19     24 08 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ այդ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, նամակում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Անձամբ իմ և ադրբեջանական ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ձեր ողջ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Մեր ժողովուրդներին միավորող դարավոր ամուր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը մեր միջպետական կապերն ու համագործակցությունը պայմանավորող հիմնական գործոններից են։ Ուրախալի է, որ անցած երեսուն տարիների ընթացքում, որոնց ընթացքում ձևավորվել են մեր դիվանագիտական հարաբերությունները, մեր փոխշահավետ համագործակցությունը դինամիկ և հետևողականորեն զարգացել է և բարձրացել ռազմավարական գործընկերության մակարդակի։

Ղեկավարվելով միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ Ադրբեջանը հարգում է բոլոր պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին հումանիտար հարցերում։

Վստահ եմ, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, մեր արդյունավետ համագործակցությունը կշարունակեն ընդլայնվել համատեղ ջանքերով՝ մեր ժողովուրդների և երկրների շահերին համապատասխան։

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, խաղաղություն և բարօրություն բարեկամ ուկրաինացի ժողովրդին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Զելենսկի  


Լրահոս