Ալիևը՝ Լավրովին. «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, որն ուղղված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»
  Ալիևը՝ Լավրովին.  «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, որն ուղղված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»
13:23     24 06 2022    
Հունիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հանդիպմանը երկրի ղեկավարը նշել է.

«Տարեսկզբին մենք լավ սկիզբ դրեցինք մեր հարաբերություններին, մեր հարաբերությունների նոր փուլին, այնպիսի դրական երանգ, դինամիկա հաղորդեցինք։ Իհարկե, Մոսկվայում դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը. կարծում եմ, որ սա հիմնարար փաստաթուղթ է մեր հարաբերությունների հետագա զարգացման համար, որը երկար տարիների շատ արդյունավետ համագործակցության հիանալի արդյունք է։

Իսկ հռչակագրի դրույթների իրականացման շրջանակներում արդեն շատ բան է արվել։ Համոզված եմ, որ ձեր այցի ընթացքում այս ուղղությամբ նոր քայլեր կձեռնարկվեն։ Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում մենք կարծես թե ամփոփել ենք այն ամենը, ինչ արվել է, և որոշել ենք բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների զարգացման հետագա ուղղությունները։ Շատ բան կա ասելու մեր հարաբերությունների մասին։

Մենք մեկ անգամ չէ, որ կարծիքներ ենք փոխանակել այս թեմայի շուրջ։ Ուզում եմ ևս մեկ անգամ գոհունակություն հայտնել քաղաքական հարաբերությունների զարգացման, ամենաբարձր մակարդակով մշտական երկխոսության, առևտրատնտեսական կապերի զարգացման կապակցությամբ, որոնք այս տարի նույնպես լավ դինամիկա են ցույց տալիս։ Համագործակցություն տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում, իհարկե, հումանիտար ոլորտում։ Այսինքն՝ ավելի հեշտ է անվանել այն ոլորտները, որտեղ մենք սերտ համագործակցություն չունենք։ Եվ իհարկե, դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը մեր երկկողմ հարաբերություններում կարևորագույն քայլն է, որը, ինչպես ասացի, կորոշի մեր կապերի զարգացումը։

Իհարկե, այսօր կխոսենք տարածաշրջանում տիրող իրավիճակի, հետկոնֆլիկտային իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը, որն ուղղված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Համոզված եմ, որ այն ջանքերը, որ մենք գործադրում ենք, դրականորեն կընդունվեն նաև հայկական կողմից, և երկարաժամկետ դիմակայությունը վերջ կդրվի։ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու մեր առաջարկը մինչ այժմ մնացել է անպատասխան, բայց մենք դեռ հույս ունենք, որ այս առաջարկը դրական կընդունվի։

Դրական պահերից ուզում եմ նշել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Բառացիորեն վերջերս Սանկտ Պետերբուրգում նոր հանդիպում կայացավ: Հուսով ենք, որ գործնական քայլեր կլինեն նաև 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի իրագործման ուղղությամբ՝ հենց հաղորդակցությունների բացման և ադրբեջանական բեռների և քաղաքացիների համար Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցվելու անարգել մուտք ապահովելու համատեքստում, ինչը հայկական կողմի իրավական պարտավորությունն է։

Բայց, ցավոք, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարի անց հռչակագրի այս կետը դեռ չի կատարվել։ Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման մեր հայեցակարգի շրջանակներում, կարծում եմ, որ հնարավոր կլինի գտնել շատ գործնական քայլեր, որոնք կնպաստեն դրան, և մենք, իհարկե, ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության ակտիվ ջանքերը Կովկասում կայուն խաղաղության հաստատման գործում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Լավրով  


Լրահոս