Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ներառում է 26 կետ
 Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ներառում է 26 կետ
17:19     20 04 2022    
Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, որը չորեքշաբթի Բաքվում ստորագրել են նախագահներ Իլհամ Ալիևը և Սադիր Ժապարովը, ներառում է 26 կետ։

Մասնավորապես, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին, կողմերը հայտարարում են ռազմավարական գործընկերային հարաբերություններ հաստատելու մասին։

«Կողմերը կարծում են, որ ռազմավարական գործընկերության հաստատումը համապատասխանում է երկու պետությունների արմատական շահերին և որոշում նրանց փոխգործակցության բովանդակությունն ու բնույթը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային ասպարեզում։

Կողմերը, վերահաստատելով իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, փոխադարձաբար աջակցում են միմյանց ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը», - նշված է հռչակագրի տեքստում:

Փաստաթղթում կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում այսուհետ էլ համակողմանի զարգացնել քաղաքական երկխոսությունը ռազմավարական բնույթ կրող երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Կողմերը նշում են, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) կարևոր հարթակ է անդամ երկրների միջև համագործակցության համար և աջակցում է թյուրքական աշխարհում ինտեգրացիոն գործընթացներին ԹՊԿ-ի և դրան կից կազմակերպությունների շրջանակներում։

«Կողմերը նշում են միջազգային համագործակցության ամրապնդման կարևորությունը ահաբեկչության, անջատողականության, ծայրահեղականության, անդրսահմանային հանցագործության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցագործության, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման և փողերի լվացման դեմ պայքարում», ընդգծվում է փաստաթղթում:

Հռչակագրում նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում դիտարկելու Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման նախագծերում ղրղզական կողմի մասնակցության հնարավորությունը։

«Կողմերը կարևորում են ներդրումային համագործակցության զարգացումը էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի և ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում խոշոր և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նախագծերի իրականացման միջոցով։ Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում իրականացնելու կանաչ տնտեսության զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր՝ մասնավորապես էներգիայի վերականգնվող աղբյուրների, օրգանական արտադրանքի և էկոտուրիզմի բնագավառում»,- ընդգծվում է հռչակագրում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղրղզստան  


Լրահոս