Ռուսաստանը և Ադրբեջանն այսուհետ կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցը
 Ռուսաստանը և Ադրբեջանն այսուհետ կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցը
13:21     23 02 2022    
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն ավարտել են բանակցությունները, նրանք զրուցել են 4 ժամից մի փոքր ավելի, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Հանդիպումը կայացել է Կրեմլում։ Նրանք քննարկել են Ուկրաինան և Արցախը։

Ղեկավարները բանակցություններից հետո ստորագրել են Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագիրը։ Այն պարունակում է ավելի քան 40 կետ.

Ռուսաստանը և Ադրբեջանը մտադիր են ամրապնդել միջխորհրդարանական համագործակցությունը:

Ռուսաստանը և Ադրբեջանը կդիտարկեն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցը՝ անվտանգությունն ապահովելու համար:

Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցում են ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցնելու հարցերում:

Ռուսաստանը և Ադրբեջանը զերծ կմնան ցանկացած տնտեսական գործունեությունից, որն ուղղակի կամ անուղղակի վնաս կհասցնի երկրներից մեկին:

Ռուսաստանն ու Ադրբեջանը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, այդ թվում՝ երրորդ երկրների միջոցով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության մասին հռչակագիրը վկայում է փոխգործակցության որակական նոր մակարդակի անցնելու մասին։

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, որը մենք հենց նոր ստորագրեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի հետ, նշանավորում է մեր միջպետական հարաբերությունների անցումը որակապես նոր մակարդակի»,- ասել է Պուտինը ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո։

Նրա խոսքով, այս ռազմավարական փաստաթուղթը դարձել է բանակցությունների կենտրոնական տարրը և հիմնական արդյունքը։ Պուտինը նաև նշել է, որ համագործակցության մասին հռչակագիրը ստորագրվել է պետությունների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորության մասին։
Նրա խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերին։

«Հաստատվեց Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև Ղարաբաղի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը», - ասել է Պուտինը։

Ինչպես հայտարարել է Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը շահագրգռված է էլեկտրաէներգիայի ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությամբ։
«Ռուսական բիզնես կառույցները շահագրգռված են Ադրբեջանի հետ համագործակցությամբ էլեկտրաէներգիայի ոլորտում, նրանք պատրաստ են աջակցել ադրբեջանական էլեկտրական ցանցերի արդիականացմանը»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է ֆինանսական ոլորտում Մոսկվայի և Բաքվի միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան  


Լրահոս