Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարում Կրեմլում
 Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարում Կրեմլում
18:43     22 02 2022    
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Կրեմլում սկսել են բանակցությունները՝ կիրառելով հակակովիդային սահմանափակումները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Կան վեճեր, աշխատելու բան կա, սակայն կանենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա: Արդեն որոշակի պայմանավորվածություններ կան առևտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցության զարգացման ուղղությամբ»։

Պուտինը հայտնել է, որ նախագահ Ալիևին կտեղեկացնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Նա հերքել է տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը մտադիր է վերականգնել Ռուսական կայսրության սահմանները։

«Ռուսաստանն աջակցում է նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությանը, Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է՝ այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով», - հայտարարել է Պուտինը։

Հանդիպման ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը բավականին ծավալուն է, ներառում է մոտ 40 կետ և ընդգրկում տարբեր ոլորտներ։

Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը կանգնեցնելու հարցում։

«Ռուսաստանն առաջատար դեր է խաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման, նորմալ հարևանական հարաբերություններ հաստատելու գործում»,- ընդգծել է Ալիևը։

Իր հերթին նախագահ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանի մյուս հարևան երկրները շահագրգռված են Ղարաբաղում առևտրային և տրանսպորտային կապերի վերականգնմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին  


Լրահոս