ԱԳՆ. Ադրբեջանը ներողություն է սպասում թուրք պատգամավորի անհիմն մեղադրանքների համար
  ԱԳՆ.  Ադրբեջանը ներողություն է սպասում թուրք պատգամավորի անհիմն մեղադրանքների համար
12:50     04 02 2022    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Այքութ Էրդողդուի հնչեցրած մեղադրանքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի կապերի վերաբերյալ, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների դեմ Այքութ Էրդողդուի հնչեցրած բացարձակապես անհիմն մեղադրանքների առնչությամբ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է.

«Առաջին հերթին ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի և եղբայրական Թուրքիայի միջև առկա են բաց, լիովին թափանցիկ, փոխշահավետ համագործակցային հարաբերություններ ինչպես էներգետիկ, այնպես էլ բոլոր այլ ոլորտներում։

Մենք հերքում ենք ԺՀԿ-ական պատգամավորի բացարձակապես անհիմն մեղադրանքները Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների իբր «խճճված ու մութ կապերի» մասին։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա են եղբայրական հարաբերություններ՝ հիմնված երկու պետությունների ազգային շահերի վրա։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ ԺՀԿ ներկայացուցիչը, հանդես գալով հակաադրբեջանական դիրքերից՝ փորձում է անհիմն պնդումներով խառնաշփոթ ստեղծել։ Սակայն այդ փորձերը հեռանկար չունեն, քանի որ հայամետ քաղաքական գործիչների մանիպուլյացիաները չեն կարող ստվեր գցել թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա։

Ադրբեջանական կողմը ներողություն է սպասում ԺՀԿ-ական պատգամավորի անհիմն մեղադրանքների համար։ Հակառակ դեպքում մենք իրավունք ենք վերապահում հարցը բարձրացնել իրավական հարթությունում»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս