ԵՄ-ն հավատարիմ է մնում խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը
ԵՄ-ն հավատարիմ է մնում խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը
09:00     12 11 2021    
ԵՄ-ն հավատարիմ է մնում խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը եւ ակտիվորեն մասնակցում է խաղաղության կառուցման եւ հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցչի` 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ:

«Այս շաբաթ լրանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղում եւ դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցման առաջին տարելիցը հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

ԵՄ-ն ցավում է այս ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորուստների համար եւ ցավակցություն է հայտնում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին։ Թեեւ ռազմական գործողությունները դադարեցվել են, դեռ շատ չլուծված խնդիրներ պետք է լուծվեն՝ բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման ուղղությամբ շարժվելու համար։ Կոչ ենք անում, մասնավորապես, խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին, լիարժեք համագործակցել ականազերծման եւ սահմանային շրջաններում լարվածության թուլացման գործում։

ԵՄ-ն հավատարիմ է մնում խաղաղ եւ բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման եւ ակտիվորեն ներգրավված է խաղաղության կառուցման եւ հետկոնֆլիկտային վերակառուցման մեջ: Այն մեծ դեր ունեցավ բանտարկյալների ազատ արձակման եւ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործում: ԵՄ-ն նաեւ աջակցել է հակամարտությունից տուժած մարդկանց՝ ավելի քան 17 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելով, այդ թվում` ականազերծման եւ շուտափույթ վերականգնման համար: ԵՄ-ն պատրաստ է նաեւ աջակցել սահմանների դեէսկալացմանը եւ սահմանազատմանը` տեխնիկական աջակցություն տրամադրելով ըստ անհրաժեշտության, ինչպես նաեւ խրախուսում է փոխգործակցությունը եւ տնտեսական համագործակցության վերսկսումը Հարավային Կովկասում:

Ավելի քան երեսուն տարվա հակամարտությանն ու տառապանքներին վերջ տալու համար համապարփակ կարգավորում է անհրաժեշտ: Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն համագործակցել համապատասխան միջազգային գործընկերների հետ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, եւ լիովին կաջակցի նրանց մանդատի կատարման գործում՝ աշխատելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Հարավային-Կովկաս  


Լրահոս