Թուրք խորհրդարանական. Ադրբեջանը ԵԽԽՎ-ի անփոխարինելի անդամներից է
  Թուրք խորհրդարանական.  Ադրբեջանը ԵԽԽՎ-ի անփոխարինելի անդամներից է
10:44     25 01 2024    
Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անփոխարինելի անդամներից է։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ելույթ ունենալով ընդհանուր բանավեճի ընթացքում ասել է ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Զեյնեփ Յըլդըզը։

«Այս կազմակերպության բազմակողմանիության համատեքստում Ադրբեջանի ներկայությունն այստեղ այն գործոններից մեկն է, որը տարբերում է այս կառույցը Եվրոպական միությունից և այլ միջազգային կազմակերպություններից»,- նշել է պատգամավորը։

ԵԽԽՎ-ն, ըստ Յըլդըզի, թերի է լինելու Ադրբեջանի բացակայության դեպքում. «Ադրբեջանի բացակայությունը ոչ միայն կզրկի կազմակերպությունը պլյուրալիզմից որպես հիմնական փիլիսոփայություն, այլև հակամարտությունները լուծելու կարողությունից»:

«Նախորդ տարիներին, ելույթ ունենալով այստեղ, մենք բոլորս հաստատում էինք Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը։ Ես կուզենայի հարցնել. ի՞նչ է փոխվել դրանից հետո: Մենք պետք է որոշենք՝ ԵԽԽՎ-ն կդառնա՞ Եվրոպական միության նման մայրցամաքային կազմակերպություն, թե՞ այն կշարունակի լինել երկխոսության վրա հիմնված հարթակ, որը կողմերին թույլ է տալիս բանակցել։ Արդյո՞ք այն փակ կառույց կլինի, որը նեղացնում է իր տարածությունը, թե՞ կհիշի իր ինքնությունը որպես գլոբալ խաղացող»,- հարցրել է Յըլդըզը իր գործընկերներին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս